Հոկտեմբերի 3-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց ՄԿԾ բարելավման փորձի ներկայացմանը նվիրված հերթական առցանց աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցեցին ավելի քան 65 մասնագետներ Հայաստանի տարբեր բուհերից, ովքեր քննարկեցին ՄԿԾ-ների բարելավման հաջողված փորձերը և գործնական լուծումները։
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց․ «ՄԿԾ-ների որակ ասելով հասկանում ենք դրանց համապատասխանությունը սահմանված նպատակներին: Եվ կարևոր է, որ այդ նպատակները հստակ լինեն։ Եթե ՄԿԾ-ն հստակ նկարագրված չէ, վերջնարդյունքները և գնահատման համակարգը հստակ ձևակերպված չեն, պարզ չէ, թե ինչ հանձնարարություններով պետք է ստուգվի վերջնարդյունքների ձեռքբերումը, ապա, խնդիրների ի հայտ գալու դեպքում դժվար կլինի հասկանալ, թե որտեղ է սխալը և ինչը պետք է բարելավել»։
Պարոն Թոփչյանը նշեց, որ անհրաժեշտ է ծրագրերը նկարագրել մանրամասն, որպեսզի հստակ երևա ոչ թե պարզապես մատուցվող նյութը, այլ թե ինչ նպատակով և ինչպիսի խնդիրներ լուծելու համար ենք ուսուցանում, և ինչ հանձնարարականներով ենք ստուգում այդ խնդիրների լուծման կարողությունները և ինչպես ենք գնահատում:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց ՄԿԾ-ի բարելավման երկու փորձ՝
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջառարկայական ուսուցման նախագիծը, որը ներառում էր «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Աշխեն Գրիգորյանը ներկայացրեց միջառարկայական ուսուցման ռազմավարությունը, ուսումնական և գնահատման գործընթացները, որոնք ուղղված էին ուսանողների քննադատական մտածողության զարգացմանը, հետազոտական մեթոդների համատեղմանը և թիմային աշխատանքի խթանմանը: Ընդգծվեց, որ միջառարկայական նախագծերը նպաստում են ուսանողների նորարարական գաղափարների զարգացմանը և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը։
Շեշտադրվեց, որ միջազգային փորձը ենթադրում է միջառարկայական նախագծերի համար համատեղ գնահատման չափանիշների ստեղծում։ Եվ բուհն առաջիկայում աշխատելու է այդ ուղղությամբ։
- «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի «Բուժական գործ» ՄԿԾ-ի կոմպետենցիաների արդիականացումը։
Բուհի մեթոդիստ Ռուզաննա Ախայանը ներկայացրեց «Բուժական գործ» կրթական ծրագրի՝ ներհայաստանյան և միջազգային բենչմարքինգի արդյունքում բարելավված տարբերակը։ Ախայանը նշեց, որ նորացված համակարգում սահմանվել են ընդհանուր 13 կոմպետենցիաներ, որոնք ունեն մանրամասն շարադրված ցուցիչներ։ Արդյունքում ավելի դյուրին է դարձել վերջնարդյունքների քարտեզագրումը, բարելավվել է գնահատման համակարգը։
Յուրաքանչյուր ներկայացումից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հարցերը և քննարկել ներկայացված փորձերը։
Նշենք՝ ՄԿԾ բարելավման հաջողված փորձի ներկայացմանը նվիրված հաջորդ առցանց աշխատաժողովը տեղի կունենա նոյեմբերին։ Բոլոր այն մասնագետները կամ ուսումնական հաստատություները, ովքեր ունեն բարելավված կրթական ծրագրերի փորձառություն, կարող են դիմել ՈԱԱԿ-ին (նամակ գրելով info@anqa.am էլ․ փոստին)՝ հաջորդ միջոցառումների ընթացքում իրենց փորձը ներկայացնելու համար։