Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում այն բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ, որոնք ունեն ինժեներական, ճարտարապետա-շինարարական, ռազմական և արտակարգ իրավիճակների հետ կապված մասնագիտություններ։
Հանդիպման առանցքային թեման այն էր, թե ինչպես են բուհերն ապահովում առցանց կրթության որակը քննարկվող մասնագիտությունների դեպքում, ինչ հաջողված փորձ է կուտակվել այս երկու ամիսների ընթացքում և ինչպես են պլանավորել հաջորդ ուսումնական տարին։
Բուհերի ներկայացուցիչները պատմեցին, որ կրեդիտների վերաբաշխման խնդիր է առաջացել, քանի որ որոշ մասնագիտությունների դեպքում այս ընթացքում շեշտադրվել են գործնական և ինքնուրույն աշխատանքները, որոշ մասնագիտությունների դեպքում էլ՝ տեսական մասը, գործնական հմտությունների ձեռքբերումը թողնելով հետագային։
Նշվեց նաև, որ որոշ մասնագիտությունների դեպքում գործնական պայմաններում կազմակերպված դասերը շատ ավելի արդյունավետ են եղել, քան բուհական միջավայրում։ Ուստի բուհերը նախատեսում են արտակարգ դրության ավարտից հետո ևս որոշ դասընթացներ կազմակերպել գործատուի միջավայրում։
Մասնագիտությունների դեպքում, որոնք լաբորատոր փորձեր են ենթադրում, բուհերի մոտեցումները տարբեր են։ Որոշ դեպքերում դասախոսները գործնական դասը տեսանկարահանում են բուհի լաբորատորիայում և ուղարկում ուսանողներին։ Որոշ դեպքերում բաց հարթակներում առկա թեմատիկ տեսանյութերն են ուսումնասիրում և վերլուծում՝ շեշտադրելով հետազոտական և վերլուծական կարողությունների զարգացումը։
Իսկ ահա ռազմական բուհերի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մոտ դասերը սովորական ռեժիմով շարունակվում են նաև արտակարգ դրության պայմաններում։ Սակայն այստեղ լսարանային դասերը փոխարինվել են գործնական դասերով՝ դաշտային պայմաններում։
Հանդիպման ընթացքում կարևորվեց, որ բուհերի որակի ապահովման կենտրոնները ամբողջական տվյալներ ունենան առցանց կրթության ժամանակահատվածի վերաբերյալ, դրանք վերլուծեն և բարելավման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն։
Նշենք, որ ավելի վաղ հանդիպումներ էին տեղի ունեցել արվեստի և սպորտի, բժշկական բուհերի ՈԱ պատասխանատուների հետ։