Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան Լոռու տարածաշրջանային և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջներ: Նոյեմբերի 15-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում ՈԱԱԿ տնօրենի, Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավարի, 2 քոլեջների փորձագիտական խմբերի և համակարգողների մասնակցությամբ:
Հանդիպման առանցքում էր՝ ինչպես կարող են քոլեջներն ընդլայնել համագործակցությունը նաև տարածաշրջանից դուրս գործող գործատուների հետ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները: Սա կարևոր քայլ է կրթական ծրագրերի պահանջարկն ապահովելու և շնորհվող որակավորումների արժանահավատությունը բարձրացնելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին.
- քոլեջների կողմից իրականացվող ՄԿԾ-ների առանձնահատկությունները, պահանջվածությունը և որակավորումների արժանահավատ շնորհումը,
- կառավարչական ճկուն որոշումների կայացման անհրաժեշտությունը Ֆինանսական միջոցների արդյունավետ ներգրավման նպատակով,
- գործատուների ներգրավումը դասավանդման գործընթացներում,
- հանրակրթական առարկաների դասավանդումը և մասնագիտական առարկաների հետ փոխկապակցվածության ապահովումը,
- դուալ համակարգում հանձնարարությունների բազայի ստեղծման անհրաժեշտությունը,
- օտար լեզվի իմացության կարևորությունը, դասախոսների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը,
- որակի ապահովման համակարգի ներդրումը և հավաստի տվյալների հավաքագրումը։
Անդրադարձ կատարվեց քոլեջներում իրականացվող կրթական ծրագրերում թվայնացման բաղադրիչի ներդրմանը, ինչը կխթանի նորարարությունը և հնարավորություն կտա պատրաստել այսօրվա խնդիրները լուծել կարողացող ու նաև թվային միջավայրում աշխատող շրջանավարտներ։
Կարևորվեց նաև փորձագիտական խորհրդատվությունների հստակ ձևակերպումը, ինչը հնարավորություն կտա քոլեջին առավել դյուրին պատկերացնել բարելավման ուղիները՝ իր ունեցած ներուժի ու ռեսուրսների օգտագործմամբ։