Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Համաձայն օրակարգի՝ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Որակի ապահովման եվրոպական գործակալությունների ասոցիացիայի (ENQA) չափորոշիչներով ՈԱԱԿ-ի փորձագիտական գնահատման զեկույցը, որն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ARQATA ծրագրի արդյունքում: Նա նշել է, որ փաստաթղթում անդրադարձ է կատարվել հիմնադրամի գործունեության ուղղություններին, ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին:
ՈԱԱԿ-ն իրականացնում է հավատարմագրման առաջին քայլերը` դիմակայելով ժամանակաշրջանի քաղաքական և տնտեսական լուրջ մարտահրավերներին: Ըստ զեկույցի` ՈԱԱԿ-ը կայացել և ընդունվում է իր բոլոր արտաքին շահակիցների կողմից: ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները փորձագիտական խմբի կողմից գնահատվել է դրական: Զեկույցում ներկայացվել է նաև ՈԱԱԿ-ի անկախության, մարդկային ռեսուրսների, ֆինանսական միջոցների մասին փորձագիտական կարծիք: Այս համատեքստում քննարկվել է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի կազմակերպման հարցը։
Ռուբեն Թոփչյանը զեկուցել է բուհերում իրականացված փորձնական հավատարմագրման գործընթացի արդյունքների մասին և տեղեկացրել, որ փորձագիտական խորհրդատվության հիման վրա բուհերը պետք է ներկայացնեն կարճաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումների ծրագիրը, որոնց հիման վրա կկայացվեն հավատարմագրման որոշումները:
Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաև, որ հավատարմագրման գործընթացով պայմանավորված` փորձագիտական հաշվետվություններն ուղարկվել են բուհերին և սահմանվել է ժամանակացույց` փետրվարի 15-ին բուհերը պետք է ներկայացնեն հրատապ և երկարաժամկետ բարելավման պլաններ, մինչև մարտի 1-ը փորձագիտական խմբերը քննարկելու են ներկայացված պլանները, և 9 բուհերի համար պատրաստելու են հավատարմագրման որոշման նախագծերը, իսկ մարտի 15-ին որոշվելու են հավատարմագրված բուհերը:
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը` ՈԱԱԿ-ի աշխատանքը գնահատել դրական: Ի թիվս այլ հարցերի, նիստում արծարծվել է նաև հիմնադրամի գործունեության ֆինանսական աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը, հաստատվել են հիմնադրամի 2014 թվականի բյուջեն և հաստիքացուցակը: