Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) պատվիրակությունը նախորդ շաբաթ անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում գտնվել է Նիդերլանդներում։ Կրթության որակի ապահովման եվրոպական կազմակերպությունների համար աշխատանքային հանդիպումների և փորձի փոխանակման, համագործակցությունների ստեղծման հնարավորություն էր ընձեռել Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը։
Այցի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունները, որակի ապահովման մոտեցումները, իրենց երկրներում առկա կրթական միտումները, ռազմավարական զարգացման ուղղությունները։ Քննարկվել են հետևյալ թեմաները․
- ինստիտիտուցոնալ և ծրագրային հավատարմագրման համատեղ իրականացման եվրոպական փորձը,
- համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցումները,
- եվրոպական համալսարանների ասոցիացիաների ստեղծման առանձնահատկությունները և մարտահրավերները։
Աշխատաժողովների ընթացքում քննարկվել են որակի ապահովման գործընթացներում շահակիցների ներգրավման մեխանիզմները։ ՈԱԱԿ–ը ներկայացրել է որակի ապահովման համակարգում ուսանողների ներգրավման և ուսանող-փորձագետների պատրաստման հայաստանյան փորձը, որը մեծ ուշադրության է արժանացել մյուս կազմակերպությունների կողմից։ Մասնակից երկրները կիսվել են նաև իրենց կողմից իրականացված թեմատիկ վերլուծությունների փորձառությամբ։
Անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները ունեցել են նաև մասնագիտական հանդիպումներ տարբեր երկրների որակի ապահովման կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ ՈԱԱԿ ներկայացուցիչները Հաագայի Կիրառական գիտությունների համալսարանի կրթական ծրագրերի որակի ապահովման պատասխանատուի հետ քննարկել են ծրագրային հավատարմագրման նիդերլանդական փորձը, իսկ Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության հետ՝ ծրագրային նախնական հավատարմագրման փորձը հայաստանյան կրթական համատեքստում տեղայնացնելու նպատակով։
Բացի այդ, ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Նիդերլանդների Կրթության, մշակույթի և գիտության նախարարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել են միկրոորակավորումների որակի ապահովման և ճանաչման գործընթացներին։