ՈԱԱԿ-ում մայիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանի հետ: Վերջինս լուրջ փորձառություն ունի Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մեր երկրում և արտասահմանում իրականացված բարեփոխումների առումով։
Հյուրը խոսեց վերջերս ԱՄՆ կատարած այցելության մասին, որի նպատակը ծանոթացումն էր ամերիկյան բուհերի հավատարմագրման գործընթացին։ Պրոռեկտորը կենտրոնի մասնագետներին պատմեց մասնավորապես այն մեխանիզմների մասին, որոնց միջոցով ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգում հաջողվում է արդյունավետորեն վերահսկել և պահպանել կրթության որակը։ ԱՄՆ-ում հավատարմագրումը բաղկացած է երկու՝ ինստիտուցիոնալ և ծրագրային փուլից: Ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում գնահատվում է բուհի ընդհանուր գործունեությունը: Ծրագրային հավատարմագրումն իրականացվում է մասնագիտական միությունների կողմից:
Պատասխանելով ՈԱԱԿ մասնագետների հարցերին՝ հյուրը պատմեց, թե ամերիկյան բուհերում ինչպիսին է նոր մասնագիտությունների ներդրման ընթացակարգը, ինչ մեխանիզմներ են գործում բուհի ինքնավերլուծության ժամանակ։ Տեղի ունեցավ նաև քննարկում՝ մեր կրթական համակարգում այդ առումով առկա վիճակի և հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Հանդիպան վերջում ՈԱԱԿ ներկայացուցիչները նշեցին, որ միջազգային փորձի նման բովանդակային ուսումնասիրությունը օգտակար է Կենտրոնի աշխատանքի համար և հույս հայտնեցին, որ նման հանդիպումներն ավանդական կդառնան: