Մայիսի 10-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին (ՀՊՄՀ) շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը բուհի ինստիտուցիոնալ կարողությունների մասին և ՀՊՄՀ բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը:
ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները միջազգայնորեն ճանաչելի են։ Հավատարմագրված բուհերի մասին տվյալները հասանելի են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանի (EQAR) Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների բազայում (DEQAR)։
Նշենք՝ ՀՊՄՀ-ն 2015 և 2020 թվականներին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։