Հունվարի 20-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց աշխատաժողով, որին մասնակցում էին ՈԱԱԿ մասնագետները և 2025թ․-ին հավատարմագրվող պետական ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում քոլեջների ներկայացուցիչները հնչեցրին ինստիտուցիոնալ հարցաշարը լրացնելիս և ինքնավերլուծություն իրականացնելիս առաջացած հարցերը: ՈԱԱԿ մասնագետները պատասխանեցին հարցերին՝ բովանդակային ու տեխնիկական պարզաբանումներ ներկայացնելով:
Աշխատաժողովի ընթացքում կարևորվեց, որ քոլեջներն ինքնավերլուծություն իրականացնելիս իրենց վերլուծությունները հիմնավորեն վերջին 3-5 տարվա ցուցանիշներով, ակտիվ հղումներով ներկայացնեն յուրաքանչյուր չափանիշին առնչվող փաստաթղթերը՝ ի ցույց դնելով դրանց կիրառականությունը և արդյունքները:
Քննարկվեց, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել քոլեջը, եթե ինքնավերլուծության ընթացքում խնդիրներ է բացահայտում: Ընդգծվեց, որ ինքնավերլուծությունը կոչված է հենց հնարավոր խնդիրների բացահայտմանը, և նման պարագայում քոլեջը կարող է ձեռնամուխ լինել այդ խնդիրների լուծմանը կամ լուծման պլանավորմանը՝ կախված այդ խնդիրների բնույթից և ծավալից:
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը 2025թ․-ին պետական ֆինանսավորմամբ հավատարմագրվող քոլեջների ներկայացուցիչների համար երկօրյա վերապատրաստում էր կազմակերպել՝ ներկայացնելով հավատարմագրման ընթացակարգը, ինքնավերլուծությանը ներկայացվող բովանդակային և տեխնիկական պահանջները: