2023թ․ պետական ֆինանսավորմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնելու 15 ՄԿՈՒ հաստատություններ, որի առնչությամբ դեռևս նախորդ տարի ՈԱԱԿ–ը իրականացրել էր տեղեկատվական հանդիպում՝ հաստությունների ներկայացուցիչների հետ քննարկելով հետագա անելիքները։
Հունվարի 16–ից մեկնարկել են «Ինքնավերլուծության իրականացում» թեմայով հինգօրյա աշխատաժողովը՝ 15 ՄԿՈւ հաստատությունների 75 աշխատակիցների հետ։
Աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ մասնագետներ Վարդուհի Գյուլազյանը, Մերի Բարսեղյանը և Անահիտ Տերտերյանը ներկայացրել և մեկնաբանել են ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, քննարկել են դրանց մեկնաբանման առանձնահատկությունները ՄԿՈՒ հաստատությունների համար։ Վերապատրաստումներին ներգրավված է նաև հավատարմագրման գործընթացների փորձագետ Արմենուհի Մհերյանը՝ ներկայացնելով չափանիշների մեկնաբանման և գնահատման փորձագիտական մոտեցումները։
Քննարկումների ընթացքում աշխատաժողովի մասնակիցները ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների կրթական, հետազոտական, կառավարչական աշխատանքների կազմակերպման լավագույն փորձերը, իսկ ՈԱԱԿ մասնագետները և փորձագետը ուղղորդել են ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների համատեքստում դրանց մեկնաբանման վերաբերյալ։
Ինքնավերլուծության իրականացումը միայն հավատարմագրման նպատակ չէ, որ հետապնդում է․ այն օգնում է բացահայտել ուսումնական հաստատությունների ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և առկա մարտահրավերները ,և միևնույն ժամանակ, այն մեխանիզմները, որոնք օգնում են հաղթահարել առկա խնդիրները և չեզոքացել ռիսկերը։ Հավատարմագրման շրջանակներում ներկայացվող ինքնավերլուծությունները պետք է լինեն արժանահավատ, արտացոլեն ուսումնական հաստատության իրական պատկերը։
Հավատարիմ լինելով այդ մոտեցմանը՝ ՈԱԱԿ–ը նման աշխատաժողովների ընթացքում մասնակիցներին օգնում է իրականացնել սեփական ուսումնական հաստատությունների SWOT վերլուծություն, որը արժանահավատ ինքնավերլուծություն իրականանցնելու գլխավոր նախապայմաններից մեկն է։
Աշխատաժողովի մասնակիցներն արդեն ծանոթացել են ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին և դրանց մեկնաբանման առնաձնահատկություններին, հաջորդ շաբաթվա ընթացքում մասնակիցները ՈԱԱԿ մասնագետների հետ կիրականցնեն գործնական առաջադրանք, որը կամրապնդի ինքնավերլուծություն իրականցնելու հմտությունները։