Քոլեջների շրջանավարտների միայն 37 տոկոսն է ավարտելուց հետո պատրաստ միանգամից աշխատանքի անցնելուն: Մինչդեռ ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրով նպատակ է սահմանված հասնել 90 տոկոս ցուցանիշին:
Ինչպե՞ս կարող է կրթական համակարգը նպաստել ՀՀ տնտեսական աճին և ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի քոլեջների շրջանավարտներն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցնեն և իրենց կարողություններն ու հմտությունները ծառայեցնեն մեր երկրի ՀՆԱ աճին: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հիմնադրման 15-ամյակի առթիվ այս հարցերն այսօր քննարկվեցին «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով քոլեջների համաժողովում:
«Կարևոր է ոչ միայն կրթելը, այլ նաև այն, թե ինչ կարողություններ ենք տալիս երկրին...Մենք պետք է ստեղծենք մասնագիտական կարողություններ, որոնք անմիջապես կիրառվում են գործատուի դաշտում: Քոլեջում տրվող հանձնարարությունների չափանիշները պետք է համապատասխանեն գործատուի միջավայրին և պահանջներին»,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ողջույնի խոսք հղելով համաժողովի մասնակիցներին:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը ողջույնի խոսքում նշեց, որ համաժողովը ևս մի կարևոր գործոն է, որով մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններն էլ ավելի ուղղորդված կլինեն: Տիկին Սվաջյանը շեշտադրեց քոլեջների հավատարմագրման դերը կրթական գործընթացների շարունակական բարելավման և կարողունակ աշխատուժի ձևավորման տեսանկյունից. «Հավատարմագրումը հնարավորություն է տալիս պետությանը, դիմորդներին, միջազգային շահակիցներին ցույց տալ, թե ինչ որակի կրթություն է իրականացվում տվյալ ուսումնական հաստատությունում: Մյուս կողմից այն նաև ինքնավերլուծության, խնդիրների արձանագրման մի մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանն արձանագրել, թե ինչն է իր մոտ լավ ստացվում այդ պահին, ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվեն»: Փոխնախարարը խրախուսեց նաև քոլեջների և գործատուների համագործակցությունը՝ նշելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումից հետո առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն համագործակցության համար:
ՀԱՀ Ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը ևս ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը երկրի հզորացման գործում: «ՄԿՈՒ հաստատություններն անփոխարինելի են պատասխանատու քաղաքացիներ և հմուտ աշխատուժ պատրաստելու հարցում»,- ասաց նա:
«Երկրի զարգացումը և տնտեսական ցուցանիշների աճը կախված չեն բնակչության թվի աճից, այլ նրանից, թե որքանով է հասարակությունը կրթված և կարողունակ, քանի որ այդպիսի մարդն առավել արագ է սովորում փոփոխություններին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, որը հանգեցնում է տնտեսության զարգացմանը և ՀՆԱ ավելացմանը»,- ասաց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը՝ «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով զեկույցի շրջանակներում ներկայացնելով ոլորտի վիճակագրական տվյալները և մարտահրավերները:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ամփոփելով համաժողովը, կարևորեց փոխադարձ վստահության մթնոլորտի առկայությունը և դրա շրջանակներում քոլեջների ինքնավարության մեծացումը. «Քոլեջը պետք է ինքնավարություն ունենա, քանի որ ինքն է տեսնում և՛ խնդիրը, և՛ դրա լուծումը: Իսկ հավատարմագրումը և որակի ապահովումը կհավաստեն ուսումնական հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը»: