Ինչպե՞ս կարող են արդյունավետ կերպով հաղորդակցվել բուհն ու գործատուն, որպեսզի շահի ուսանողը․ այս հարցի պատասխանն է ուսանողական համաժողովում ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։ Նա ուսանողներին է պատմել ՈԱԱԿ-ի մշակած և փորձարկած բուհ-գործատու համագործակցության մոդելի մասին, որը հնարավորություն է տալիս ուսուցման ընթացքում գործատուի միջավայրին մոտ պայմաններ ստեղծել ուսանողների համար՝ ապահովելով պրակտիկ ու պահանջված կրթություն։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ուսումնական պրակտիկաներ» համաժողովը։
Միջոցառման ընթացքում ՀՈՒԱԱ գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրել է իր երկամյա ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ամփոփում են ուսումնական պրակտիկայի կազմակերպման և իրականացման հարցում առկա խնդիրները։
ՈԱԱԿ-ը կարևորում է մատուցվող կրթության պրակտիկությունը, այդ իսկ պատճառով մշակել, փորձարկել ու բուհերին է ներկայացրել բուհ-գործատու համագործակցության նոր մոդելը։ Այն հնարավորություն է ընձեռում արդյունավետ երկխոսություն ծավալել՝ բուհում պատրաստելով աշխատաշուկայում պահանջված մասնագետներ։
Լուսանկարը՝ ՀՈՒԱԱ ֆեյսբուքյան էջից