Դեկտեմբերի 6-ին ՈԱԱԿ հիմնադրման 15-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տնտեսական աճը կարողությունների զարգացման միջոցով» թեմայով ՄԿՈՒ համաժողովը, որը բացառիկ հարթակ էր մեկտեղելու պետության, աշխատաշուկայի, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներին և շահակիցներին՝ քննարկելու կարողությունների ձևավորմանն ուղղված լավ փորձն ու մարտահրավերները։ Համաժողովին մասնակցում էին 250 ներկայացուցիչներ 87 հաստատություններից: Շեշտենք, որ մասնակիցների շուրջ 30 տոկոսը գործատուներ էին: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, ՀԱՀ ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը:
«Կարևոր է ոչ միայն կրթելը, այլ նաև այն, թե ինչ կարողություններ ենք տալիս երկրին: Գուցե մենք կարողություն ենք տալիս այն ոլորտում, որտեղ արդեն գերհագեցում ունենք: Գուցե պետք է փոխե՞լ ուղղությունը: Շատ ավելի պրակտիկ ուղղություններ կան, որոնց պակասը մեր երկիրն այսօր ունի: Այս առումով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դերն անգնահատելի է, քանի որ նրանք մասնագիտական այնպիսի կարողություններ են տալիս սովորողներին, որոնք անհրաժեշտ են գործատուին: Ընդ որում, տեղական գործատուի հետ համագործակցությունն այս առումով առաջնային է: Բնական է՝ պետությունը չի կարող բոլոր հաստատությունների մասին հոգ տանել ու ապահովել այն ռեսուրսը, որով պետք է այդ կարողությունները ձևավորվեն: Կարծում եմ՝ թե՛ պետությունը պետք է աջակցի գործատուին, թե՛ գործատուն պետք է փորձի շահագրգռել ուսումնական հաստատությանը»,- ասաց Ռուբեն Թոփչյանը՝ շեշտելով, որ անմիջապես գործատուի դաշտում կիրառվող մասնագիտական կարողություններ ստեղծելու համար հանձնարարականների չափանիշները պետք է համապատասխանեն գործատուի միջավայրին և պահանջներին:
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը ողջույնի խոսքում նշեց, որ համաժողովը կարևոր դեր ունի մասնագիտական կրթության ոլորտում փոփոխություններն ուղղորդելու համար: Տիկին Սվաջյանը շեշտադրեց քոլեջների հավատարմագրումը կրթական գործընթացների շարունակական բարելավման և կարողունակ աշխատուժի ձևավորման տեսանկյունից. «Հավատարմագրումը հնարավորություն է տալիս պետությանը, դիմորդներին, միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ որակի կրթություն է իրականացվում տվյալ ուսումնական հաստատությունում: Մյուս կողմից այն նաև ինքնավերլուծության, խնդիրների վերհանման մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս ուսումնական հաստատությանը արձանագրել, թե ինչն է իր մոտ լավ ստացվում այդ պահին, ինչ խնդիրներ կան, և այդ խնդիրների լուծման ուղղությամբ ինչ քայլեր պետք է արվեն»: Փոխնախարարը խրախուսեց նաև քոլեջների և գործատուների համագործակցությունը՝ նշելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումից հետո առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն համագործակցության համար: «Այս օրենքի ընդունումը շատ ենք կարևորում, քանի որ այն սկզբունքային մեծ փոփոխություններ է բերելու մասնագիտական կրթության համակարգում: Նոր օրենքը հնարավորություն է տալու նաև մեծացնելու գործատուների հետ համագործակցությունը: Գործատուների հետաքրքրությունն է խթանելու, որպեսզի մենք փոխենք կրթության որակը և փորձենք պատրաստել այնպիսի մասնագետների, որոնց կարիքը նրանք ունեն: Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը ևս շատ կարևոր են, բայց մասնագիտական կրթությունն էլ ավելի կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ավելի համակողմանի ապահովելու թե՛ գիտելիքների, թե՛ կարողությունների և հմտությունների զարգացումը»,- նշեց տիկին Սվաջյանը:
ՀԱՀ Ընդհանուր կրթության ֆակուլտետի դեկան Շարիստան Մելքոնյանը ևս ողջունեց համաժողովի մասնակիցներին՝ կարևորելով միջին մասնագիտական կրթության դերը երկրի հզորացման գործում: «ՄԿՈՒ հաստատություններն անփոխարինելի են քաղաքացիներ և հմուտ աշխատուժ պատրաստելու հարցում»,- ասաց նա:
«Երկրի զարգացումը և տնտեսական ցուցանիշների աճը կախված չէ բնակչության թվի աճից, այլ նրանից, թե որքանով է հասարակությունը կրթված և կարողունակ։ Կրթված մարդն առավել արագ է սովորում փոփոխություններին և նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ինչը հանգեցնում է տնտեսության զարգացմանը և ՀՆԱ-ի ավելացմանը»,- նշեց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը՝ «Նորարարություն, ձեռնարկատիրություն և ՄԿՈՒ համակարգ․ ինչպես մասնակից դառնալ տնտեսական աճին» թեմայով զեկույցի շրջանակներում՝ ներկայացնելով ոլորտի վիճակագրական տվյալները և մարտահրավերները:
Այս համատեքստում հատկապես կարևորվեց որակի ապահովումը, քանի որ այն.
- խրախուսում է ՄԿՈՒ ծրագրերի համապատասխանությունը տեղական տնտեսության և աշխատաշուկայի պահանջներին,
- խթանում է ՄԿՈՒ հաստատություն-գործատու կապի ամրապնդումը համատեղ ռազմավարության միջոցով,
- ձևավորում է ուսանողի գիտելիքը գործատուին անհրաժեշտ օրինակների հիման վրա,
- կարևորում է ուսանողի վերլուծական, նորարարական, ստեղծագործական մտքի զարգացումը ուսումնական աշխատանքային միջավայրում։
Գործատուների և ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները «Տնտեսական զարգացում՝ համահնչեցնել ՄԿՈՒ կրթական ծրագրերն արդյունաբերության կարիքներին» թեմայով պանելային քննարկման արդյունքում մատնանշեցին հիմնական խնդիրները և գործունեության ուղղությունները․
- Աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ թողարկելու հարցում հաջողություն ունեն այն քոլեջները, որոնք ակտիվ համագործակցում են գործատուների հետ:
- Կարևոր է, որ քոլեջի տնօրենը լինի նախաձեռնող, հստակ պատկերացնի բիզնեսը, աշխատաշուկան և նրա կարիքները:
- Գործատուներին քոլեջում որպես դասավանդող ներգրավելը բարդ է ցածր վարձատրության պատճառով: Բայց լուծման ուղիներ գտնել հնարավոր է:
- ՄԿՈՒ ոլորտում ևս, մասնագիտական կարողություններից և հմտություններից բացի, կարևոր են փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցվելու, որոշումներ կայացնելու, փոփոխություններին արձագանքելու կարողությունները:
- Գործատուն մասնագիտական հմտություններից բացի կարևորում է նաև թվային հմտություններ ունենալը:
- Գործատուն երբեմն արձանագրում է, որ ուսանողի մոտ մասնագիտական հմտությունը ձևավորվել է, բայց չի համապատասխանում աշխատանքային ռիթմին: Ուստի գործատուն կարևորում է նաև դասավանդման ընթացքում տրվող առաջադրանքները. դրանք պետք է համապատասխանեն աշխատանքային միջավայրին և պայմաններին:
Քննարկման ընթացքում նշվեց, որ կրթական ծրագրերի համահնչեցման արդյունքում քոլեջն ունենում է.
- աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մշակված կրթական ծրագրեր,
- գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման հնարավորություն ուսանողների կարողությունների զարգացման նպատակով,
- գործատու-դասախոսների ներգրավման հնարավորություն՝ աշխատաշուկա մուտք գործելու պատրաստ շրջանավարտներ թողարկելու նպատակով,
- շրջանավարտների զբաղվածության ցուցանիշների բարձրացում:
Գործատուն ունենում է.
- մասնագիտական կարողություններ և փոխանցելի հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման հնարավորություն,
- պրակտիկ միջավայրում գործունեության փորձ ունեցող, կարողունակ աշխատուժ:
Հաջորդիվ «Կարող աշխատուժի ձևավորումը տալիս է տնտեսական զարգացման շոշափելի արդյունք․ ՄԿՈՒ հաջողված փորձի ներկայացում» պանելի շրջանակներում քոլեջների և գործատուների ներկայացուցիչները կարևորեցին.
- Միկրոորակավորումների կիրառումը, որը կնպաստի աշխատուժի շարունակական զարգացմանը և գործատուին անհրաժեշտ հմտությունների ձեռքբերմանը:
- Մասնագիտական կրթությունը. կարողություններին զուգակցվող բազային մասնագիտական գիտելիքները հետագա մասնագիտական զարգացման գրավականն են:
- Համընդհանուր անցումը դուալ կրթության, որտեղ համադրված են տեսական և գործնական գիտելիքները, իսկ կրթությունն իրականացվում է գործատուի միջավայրում:
- Մասնագիտությամբ աշխատող ուսանողին աջակցելու մեխանիզմների առկայությունը, ինչը թույլ կտա նրան չկտրվել աշխատանքային միջավայրից՝ համատեղելով աշխատանքն ու կրթությունը:
- Քոլեջների և գործատուների միջև համագործակցության երկուստեք շահավետ ուղիներ գտնելը:
- Քոլեջների և գործատուների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, ինչը կնպաստի քոլեջում ներդրումների իրականացմանը կարողունակ աշխատուժի ձևավորման համար:
- Մասնագետին ներկայացվող աշխատաշուկայի պահանջների հստակեցումը և ոլորտային չափանիշների ներդրումը գործատուների կողմից:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ամփոփելով համաժողովը, կարևորեց փոխադարձ վստահության մթնոլորտի առկայությունը և դրա շրջանակներում քոլեջների ինքնավարության մեծացումը. «Քոլեջը պետք է ինքնավարություն ունենա, քանի որ ինքն է տեսնում և խնդիրը, և դրա լուծումը: Իսկ հավատարմագրումը և որակի ապահովումը կհավաստեն ուսումնական հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը»: