Մեր երկրում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձևավորելու նպատակով դեռևս հունիս ամսից «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) մշակել և սկսել է գործարկել էլեկտրոնային հարցաթերթ։ Այն տեղեկություններ է պարունակում ՄՈՒՀ-երի ենթակառուցվածքների, գործունեության, թույլտվության ու իրավական այլ հիմքերի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Լրացնելու համար հարցաշարի առաջին մասը նախ ուղարկվել է ՀՀ պետական բուհերին։ Հուլիսի 15-ից գործընթացին միացել են նաև ոչ պետական, միջպետական համաձայնագրերով գործող բուհերը և արտերկրի բուհերի մասնաճյուղերը:
Առաջին փուլից սկսած` մի շարք ուսումնական հաստատություններ մեծ պատրաստակամությամբ և պատրաստվածությամբ սկսեցին լրացնել հարցաշարը՝ համագործակցելով ՈԱԱԿ-ի հետ։
Հարցաշարն ամբողջությամբ լրացրել են Երևանի ճարտարապետաշինարարական պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գորիսի պետական համալսարանները և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտները։ Երևանի պետական, Հայաստանի պետական ագրարային, Երևանի պետական տնտեսագիտական, Գավառի պետական և Ռուս-հայկական սլավոնական համալսարաններում, ԵՊՏՀ Գյումրիի, ՀՊՃՀ-ի Կապանի և Վանաձորի, ԵՊՀ Կապանի, ՀՊԱՀ Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտներում հարցաշարը լրացվել են` բացառությամբ մի քանի հարցերի: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը պատասխանել է ընդամենը մի քանի հարցի: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և ՀՊՃՀ Գյումրիի, ԵԳՊԱ Գյումրիի և Դիլիջանի, ԵՊԿ Գյումրիի և ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղերը հարցաշարն ընդհանրապես չեն լրացրել:
ՀՀ ոչ պետական համալսարաններից հարցաշարի լրացման աշխատանքներին ակտիվորեն միացել են Երևանի կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Երևանի «Գլաձոր», «Գալիք», «Ինտերլինգվա» լեզվաբանական, «Լ. Քալաշյանի անվան հայկական բաց», «Հյուսիսային», «Մեսրոպ Մաշտոցի անվան», «Եվրասիա» միջազգային, Երևանի մշակույթի, «Մովսես Խորենացու անվան» համալսարանները, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, Երևանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան, «Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան» հիմնադրամը և Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարան ԱԿ-ն: Արտերկրի ոչ պետական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերից տվյալների բազայի ձևավորմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի ԱՏԿ տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղը, պետական մասնակցությամբ բուհերից՝ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան»։