Հոկտեմբերի 21-25-ը Իսպանիայի Գրանադայի համալսարանում Էրազմուս+ DeSIRe ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների վերապատրաստում, ինչպես նաև ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումը։ Վերապատրաստմանը մասնակցում էին ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանն ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների պատասխանատու Ալինա Մելքոնյանը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան «Մեդիա և թվային գրագիտության հմտություններ», «Հավասարություն, բազմաշերտություն ու ներառականություն», «Հիմնական ձեռնարկատիրական հմտություններ. նախաձեռնողականություն ու ակտիվություն» և «Ռեֆլեկտիվ մտածողություն և գնահատման հմտություններ» թեմաներին: Գրանադայի համալսարանի մասնագետները ներկայացրին փափուկ հմտությունների ներդրման, զարգացման և գնահատման մեթոդաբանությունը, ինչպես նաև կիսվեցին բուհ-գործատու համագործակցության և թվային ռեսուրսների կիրառման իրենց փորձով:
Հոկտեմբերի 24-ին կայացած կառավարման խորհրդի հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի ընթացիկ աշխատանքները և փափուկ հմտությունների կենտրոնների ստեղծման գործընթացը:
Նշենք՝ որակի ապահովման գործընթացները ծրագրում համակարգում է ՈԱԱԿ-ը Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) և Ֆինլանդիայի LUT համալսարանի հետ համագործակցությամբ։ Կառավարման խորհրդի հանդիպման ժամանակ ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրել է ծրագրի որակի ապահովման ընթացիկ գործընթացները, անդրադարձ է կատարել որակի ապահովման ուղեցույցի մշակմանը՝ ապահովելով դրա համապատասխանությունը ծրագրի նկարագրին և պլանավորված արդյունքներին: Ըստ զեկուցողի՝ որակի ներքին գնահատման հանձնախումբը ներկայումս իրականացնում է առցանց փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) ստեղծման վերաբերյալ վերապատրաստումների մասնակիցների հարցում, որի արդյունքները կվերլուծվեն և կներկայացվեն ծրագրի կոնսորցիումին՝ հետագա դասընթացները բարելավելու նպատակով:
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։
DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։