Ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել կարողության զարգացման ծրագրեր․ ՈԱԱԿ տնօրեն, Էրազմուս + Բարձրագույն կրթության բարեփոխումների (HERE) փորձագետ Ռուբեն Թոփչյանն այս հարցին է անդրադարձել Էրազմուս+ տեղեկատվական օրվա շրջանակներում։
Հոկտեմբերի 31-ին Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել Էրազմուս+ տեղեկատվական հանդիպում, որի շրջանակներում ներկայացվել են Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության ու երիտասարդությանը վերաբերող հնարավորությունները գործընկեր երկրների համար, ինչպես նաև ակադեմիական և երիտասարդական շարժունության, կարողությունների զարգացման ծրագրերը։
Պարոն Թոփչյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել հավատարմագրման գործընթացի առաջին շրջափուլի արդյունքում դուրս բերված խնդիրները, որոնք բնորոշ են հայաստանյան բարձրագույն կրթական համակարգին։ Այնուհետև պատմել է, թե ինչպես իրականացնել կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր, ինստիտուցիոնալացնել լուծումները, ինչպես նաև ծրագրերի ավարտից հետո ապահովել դրանց շարունակականությունը։ Որպես հաջողված փորձ ներկայացվել են ՈԱԱԿ-ի առաջնորդությամբ իրականացված ծրագրերը՝ ARARAT, ALIGN, VERITAS, GOVERN:
Նշենք, որ նոյեմբերի 6-7-ին Էրազմուս + տեղեկատվական օրեր կանցկացվեն նաև Երևանում։
Լուսանկարը՝ Erasmus+ Youth-ի