Սեպտեմբերի 12–15–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց է իրականացնում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում։
Մինչ փորձագիտական այցը՝ փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ռեսուրսների դիտարկում։ Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ ունեցան ուսումնական հաստատության տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում հանդիպումներ կկայանան քոլեջի Կառավարման խորհուրդի, ներքին շահակիցների և ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Փորձագիտական խումբը կիրականացնի դասալսումներ, ինչպես նաև մասնագիտական հանդիպումներ։ Մասնավորապես նախատեսված են մասնագիտական հանդիպումներ «Հանրային սննդի տեխնոլոգիա», «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» և «Զբոսաշրջություն» մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսական կազմի և ուսանողների հետ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Եվրոպական համալսարանի ֆիանսներ ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը։ Փորձագիտական խմբում անդամներն են Քրիստինե Հակոբյանը՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Աշխատակազմի ղեկավար, տուրիզմի դասախոս, Աննա Դաշտոյանը՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ավետիք Խոստեղյանը՝ Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում բաժնի 2–րդ կուրսի ուսանող։
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրումը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը։
Այցից հետո խումբը կկազմի փորձագիտական զեկույց, որտեղ նշված կլինեն քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: