ՈԱԱԿ մասնագետներն ապրիլի 16-ին աշխատանքային քննարկում ունեցան Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում։ Բուհի դեկանների, նրանց տեղակալների, ամբոնի վարիչների և դասախոսների հետ հանդիպման առիթը ՈԱԱԿ մշակած էլեկտրոնային երրորդ հարցաշարն էր։
Ինչպես հայտնի է, մասնագիտական ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկությունների համապարփակ բազա ձևավորելու նպատակով ՈԱԱԿ-ը մշակել ու դեռևս նախորդ տարվանից մաս-մաս գործարկել է էլեկտրոնային առցանց հարցաշար։ Դրա միջոցով կենտրոնը տեղեկություններ է հավաքում մուհերի գործունեության տարբեր բաղադրիչների վերաբերյալ։ Երրորդ հարցաշարը, որը թողարկվել է մարտի 1-ին, տեղեկություններ է պարունակելու մասնագիտության կրթական ծրագրերի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ այդմ, բուհը պետք է տեղեկություններ ներկայացնի մասնագիտության կրթական ծրագրի ուսումնական պլանի, պրակտիկաների, առարկայական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ռեսուրսների և շրջանավարտների վերաբերյալ։
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ՈԱԱԿ հարցաշարերի լրացման առաջատարներից է եղել գործընթացի հենց սկզբից ու մեծ պատրաստակամություն և պատրաստականություն ցուցաբերել այս գործում։ Ապրիլի 16-ին կայացած հանդիպման ժամանակ բուհի ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր ուղղեցին կենտրոնի մասնագետներին՝ հստակեցնելով, թե հարցաշարի առանձին բաժիններում ինչ բնույթի ու ծավալի տեղեկություններ պետք է զետեղեն։
Աշխատանքի ծավալը բավականին մեծ է, սակայն չափազանց կարևոր նաև բուհերի համար, քանի որ հարցաշարն առիթ է հանդիսանում բարեփոխումների շրջանակում իրականացվող գործընթացներն ի մի բերելու ու ամփոփելու համար, այսինքն, իրականացնելու որակի կառավարման գործընթաց։