Այսօր մեկնարկել է փորձագիտական խմբերի այցը Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան և Ոստիկանության կրթահամալիր․ այս ուսումնական հաստատություններն ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում։
Փորձագիտական խմբերը սեպտեմբերի 16-19-ին արտաքին գնահատում կիրականացնեն ՎՊՀ-ում և ԱԲՀ-ում, իսկ 16-20-ին՝ Ոստիկանության կրթահամալիրում։ Այդ ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան հավատարմագրվող բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, կառավարման խորհրդի ներկայացուցիչների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման պատասխանատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ինչպես նաև գործատուների, ուսանողների և շրջանավարտների հետ։ Փորձագետները կդիտարկեն նաև ուսումնական հաստատությունների ռեսուրսները, դասապրոցեսը, կուսումնասիրեն փաստաթղթերը։ Մինչ բուհեր այցելությունը փորձագետները մարնակրկիտ ուսումնասիրել են բուհերի ինքնավերլուծությունը, առանձնացրել ուժեղ և թույլ կողմերը, նախնական գնահատում իրականացրել։
ՎՊՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ, Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) քաղաքականության և ծրագրերի պատասխանատու Վեյդոտաս Վիլիյունասը կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս Աննա Փոլադյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Աստրոմափս» և «Իմպրովիզ» ՍՊԸ-ների գիտական խորհրդատու Արամ Բաղիյանը և ՀԱՊՀ ուսանող Օֆելյա Արզումանյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Գայանե Անանյանը։
Ավանդական բժշկության համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը։ Խմբի մյուս անդամներն են բժշկական գիտությունների (հանրային առողջապահություն) թեկնածու, Հեյդելբերգի համալսարանի Համաշխարհային առողջապահության ինստիտուտի որակի ապահովման պատասխանատու Պոլին Գրիսը, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ դասախոս Ռաֆայել Մեսրոպյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Ռոքսանա Զախարյանը, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վաչե Ղարիբյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
Ոստիկանության կրթահամալիրի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը։ Խմբի մյուս անդամներն են Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի պրոֆեսոր, ռազմական գիտությունների դոկտոր Եժի Կոշինսկին, իրավագիտության թեկնածու, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ Իրավաբանական կլինիկայի տնօրեն Տիգրան Խաչիկյանը, Արտաշատի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի պատասխանատու Հակոբ Հովհաննիսյանը, ԵՊՀ ուսանողուհի Ելենա Հարությունյանը։ Գործընթացը համակարգում է Անուշավան Մակարյանը։
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
Նշենք, որ ՎՊՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին, այժմ դիմել է վերահավատարմագրման։ Իսկ ԱԲՀ-ն և Ոստիկանության կրթահամալիրն առաջին անգամ են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում։