Հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Եվրասիա միջազգային համալսարան: Մայիսի 11-14-ին փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
Մինչ այս, համաձայն «Հավատարմագրման կարգի» պահանջների, ինստիտուցիոնալ հավատարմագրման դիմած բուհը ինքնավերլուծություն է ներկայացրել, որը փորձագետներն ուսումնասիրել են: Իսկ բուհ կատարած այցից հետո խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները: Հիմնվելով փորձագետների խորհրդատվությունների վրա` բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր: Գործընթացի վերջին փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշումը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են 3 տեղացի փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Փորձագիտական խմբի ղեկավարը ՀՊՏՀ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Տիգրան Մնացականյանն է: Միջազգային փորձագետը Բելգիայից հրավիրված մասնագետ Ռոմեին Հուլպիան է:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: