Մարտի 5-8-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Վանաձորի պետական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարաններն արտաքին գնահատում կանցնեն:
ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում շահակից բուհերն արտաքին գնահատում են անցնում, որի նպատակն է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը և ծրագրի արդյունքները:
Արտաքին գնահատման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, որակի ներքին ապահովման աշխատանքային խմբի, դեկանների, ՄԿԾ-ների ղեկավարների, GOVERN ծրագրի համակարգողների, ինչպես նաև դասախոսների և ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փորձագիտական խմբում ընդգրկված են մեկական տեղացի և միջազգային փորձագետներ և մեկ ուսանող-փորձագետ: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մասնագետները:
Արտաքին գնահատման նպատակով արդեն իսկ փորձագիտական այցեր են կատարվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հյուսիսային համալսարան: Առաջիկայում այցեր կիրականացվեն նաև Հայաստանի ազգային ագրարային, Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարաններ և ՀՀ Պետական կառավարման ակադեմիա:
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: