Հունիսի 7-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի Եվրոպական համալսարանում։ «Իրավագիտություն» կրթական ծրագրի մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ղեկավար կազմի, ծրագրի պատասխանատուի, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման դեպարտամենտի ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման նպատակն էր վեր հանել կրթական ծրագրում առկա լավագույն փորձը, ուսանողների մոտ մասնագիտական մտածելակերպի ձևավորմանն ուղղված առաջադրանքների իրականացումը, հետադարձ կապի դերը վերջնարդյունքների ձեռքբերման նպատակով:
Քննարկումների առանցքում էին իրավաբանական մտածելակերպի ձևավորմանն ուղղված գործընթացները, մասնավորապես շեշտադրվել են.
- մասնագիտական հմտություններ ու կարողություններ ձևավորող հանձնարարականների առկայությունը կրթական ծրագրում,
- դասի պլանավորման անհրաժեշտությունը և սահմանված վերջնարդյունքների ստուգումը՝ գնահատման հստակ մեթոդների և գործիքների կիրառմամբ,
- հետադարձ կապի կարևորությունը՝ որպես ձևավորող գնահատման բաղկացուցիչ մաս,
- ուսանողների մոտ հետազոտական կարողությունների ձևավորումը և քննադատական մտածողության զարգացումը,
- կրեդիտների բաշխումը և ուսանողի ծանրաբեռնվածության հաշվառումը վերջնարդյունքները չափելի դարձնելու տեսանկյունից:
Բուհի ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում դիտարկվել է նաև հավատարմագրման գործընթացից հետո կազմված Բարելավման պլանի իրականացումը՝ վերհանելով արձանագրված հաջողությունները, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավորությունները։ Քննարկումների ընթացքում շեշտադրվել են.
- բուհի կողմից ակնկալվող արդյունքների և գործունեության արդյունավետության առանցքային ցուցիչների հստակեցման կարևորությունը,
- ֆինանսական միջոցների պլանավորումը՝ ըստ առանձնացված խնդիրների և սահմանված նպատակների,
- պլանավորման և հաշվետվողականության միջև առկա կապերը և բուհում կիրառվող ձևաչափերը,
- որակի ներքին ապահովման համակարգի դերը տվյալահենք որոշումների կայացման և կրթական ծրագրերի շարունակական բարելավման գործում։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։