Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է դասախոսների հետ հանդիպումների շարքը։ Հայաստանյան բուհերի դասախոսները հերթական անգամ ՈԱԱԿ-ում էին՝ քննարկելու, թե ինչպիսին պետք է լինի ուսանողի գնահատումը, ինչպիսին է գնահատման դերակատարությունը ուսանողի մասնագիտական հմտությունների ձևավորման և զարգացման գործում, որ պարագայում գնահատումը կարող է համարվել ուսուցանող։
Այսօրվա հանդիպման ընթացքում գնահատման իրենց մոտեցումները և փորձը ներկայացրեցին ՀՊՄՀ դասախոսներ Սոնյա Վարդանյանը և Գայանե Գաբրիելյանը։ Ներկայացմանը հաջորդեց քննարկումը հանդիման մասնակից մյուս դասախոսների և ՈԱԱԿ մասնագետների հետ։
Դասախոսների հանդիպումների նպատակն է տարբեր մոտեցումների ներկայացման, քննարկման և համադրման միջոցով դուրս բերել լավագույն փորձը և այն տարածել կրթական համակարգում։ Նման հանդիպումների միջոցով նաև համալրվում է ՈԱԱԿ փորձագիտական բազան։