Ապրիլի 26-29-ը փորձագետների խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Գորիսի պետական համալսարանում։
Նշենք, որ Գորիսի պետական համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2018թ.: Այժմ բուհը վերահավատարմագրման փուլում է։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներով արտաքին գնահատում իրականացնելու համար փորձագետներն առցանց հանդիպումներ կունենան բուհի վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի պատասխանատուների, ՄԿԾ-ների պատասխանատուների, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։
Համալսարանում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը: Խմբի մյուս անդամներն են պատմության դոկտոր, Նիդերլանդների Ավրորա եվրոպական համալսարանների միության գլխավոր քարտուղար Կիս Կուվենարը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրոպական համալսարանի Կառավարման ամբիոնի վարիչ Նարինե Կիրակոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ Կրթության տեսչական մարմնի Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության փորձագետ Նարինե Սիրականյանը և Հյուսիսային համալսարանի ուսանող Գրիգոր Բեջանյանը: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Նշենք, որ մինչ փորձագիտական առցանց այցը փորձագետներն ուսումնասիրել են Գորիսի պետական համալսարանի ինքնավերլուծությունը, նախորդ հավատարմագրման ժամանակ ներկայացված բարելավման ծրագրի իրագործման արդյունքները, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը և նախնական գնահատում իրականացրել։
Գործընթացի ավարտին հավատարմագրման որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։