Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման 2018-2030թթ. Ռազմավարական ծրագրի մշակման շրջանակներում ԿԳ նախարարի միջազգային համագործակցության գծով խորհրդական Արայիկ Նավոյանը և UNESCO-ի Որակի ապահովման գլոբալ նախաձեռնության ծրագրի մասնագետ Հասմիկ Թորթիանը հանդիպում ունեցան Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ՈԱԱԿ ուսանող-փորձագետների հետ:
Հանդիպման նպատակն էր հասկանալ, թե ուսանողներն ինչպիսին կուզենային լիներ բարձրագույն կրթությունն ապագայում, որոնք են նրանց առաջնահերթությունները և ինչ փոփոխություններ կցանկանային տեսնել ոլորտում:
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ ուսանող-փորձագետները կարևորեցին պրակտիկ հմտությունների հաղորդումն ուսման ընթացքում և պրակտիկայի դերը, առնվազն երկու օտար լեզուների խորացված ուսուցումը բոլոր մասնագիտությունների համար, մասնագիտության կրթական ծրագրերի ճկունությունը և համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, բուհ-գործատու սերտ համագործակցությունը, ուսանողական հետազոտությունների խթանումը և այլն:
Տիկին Թորթիանը և պարոն Նավոյանը շնորհակալություն հայտնեցին ՈԱԱԿ ուսանող-փորձագետներին շահագրգիռ քննարկման համար`կարևորելով բարձրագույն կրթության բարելավմանն ուղղված նրանց առաջարկությունները: