Ո՞վ է փորձագետը և ինչպիսի՞ դեր ունի ուսումնական հաստատության արտաքին գնահատման գործընթացում։ Այս և փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին առնչվող այլ հարցեր քննարկվեցին մարտի 4-5-ին ՈԱԱԿ-ում անցկացված փորձագետների վերապատրաստման ընթացքում։
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց փորձագիտական աշխատանքի մի շարք առանձնահատկությունների․
- Փորձագետի դերը՝ նա պետք է ոչ միայն արձանագրի խնդիրը, այլև այն համակողմանի դիտարկի և իր թիրախային խորհրդատվությամբ նպաստի դրա լուծմանը։ Այս համատեքստում կարևոր է, որ քոլեջները փորձագետներին ընկալեն որպես գործընկերներ, ովքեր աջակցում են բարելավման գործընթացին։
- Տեղեկատվության արժանահավատությունը՝ փորձագետը պետք է վերլուծի և համոզվի, որ իրեն հասանելի տեղեկատվությունը հավաստի է։
- Խնդիրների պատճառահետևանքային վերլուծություն՝ անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել խնդիրները, այլև հասկանալ դրանց առաջացման հիմքերը և այդ ուղղությամբ խորհրդատվություն մատուցել։
Մանրակրկիտ անդրադարձ կատարվեց նաև հավատարմագրման պետական չափանիշներին և դրանց շեշտադրումներին։ Մասնավորապես, քննարկվեցին հետևյալ հարցերը․
- Ռազմավարական պլանավորման և կառավարման նշանակությունը՝ կրթական գործընթացների արդյունավետության բարձրացման և վերջնարդյունքների ապահովման տեսանկյունից։
- Ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ առկա ռեսուրսներով ցանկալի վերջնարդյունքների ապահովման մեխանիզմները։
- Հետազոտական գործունեության դերը ՄՈՒՀ-երում և հետազոտական բաղադրիչ պարունակող առաջադրանքների կարևորությունը՝ պրպտող և շարունակ զարգացող մասնագետների պատրաստման համար։
- Միջազգային չափանիշների ներդրում և կիրառություն կրթական գործընթացում՝ մասնագիտական վերջին զարգացումներին հետևող և աշխատաշուկայում պահանջված մասնագետների պատրաստման նպատակով։
Վերապատրաստման մասնակիցները ոչ միայն ծանոթացան վերոնշյալ թեմաներին, այլև գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդեցին իրենց հմտությունները։ Նրանք ներգրավվեցին պայմանական ուսումնական հաստատության հավատարմագրման գործընթացում՝ համադրելով հավատարմագրման չափանիշներն ու արձանագրված իրողությունները։
Նշենք՝ ՈԱԱԿ-ը պարբերաբար վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում բուհերի և քոլեջների ներկայացուցիչների համար՝ զարգացնելով փորձագիտական ներուժը հայաստանյան ուսումնական հաստատություններում և ընդլայնելով ՈԱԱԿ փորձագիտական բազան։