Ասպիրանտական երեք կրթական ծրագրի արտաքին գնահատում կիրականացվի Էրազմուս+-ի C3QA ծրագրի շրջանակներում։ Ապրիլի 29-30-ին արտաքին գնահատման նպատակով փորձագիտական խմբերը կայցելեն Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստանում Ֆրանսիական համալսարան (ՀՖՀ) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (ՀԳՊԱ)։
ՀՖՀ-ում արտաքին գնահատում է անցնում «Իրավունք», ԵՊՀ-ում՝ «Կենսաբանություն», ՀԳՊԱ-ում՝ «Դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ» կրթական ծրագիրը։
Արտաքին գնահատման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։ Փորձագիտական խմբում ընդգրկված են տեղացի ու միջազգային մասնագետներ C3QA ծրագրի գործընկեր հաստատություններից։
Ուսումնական հաստատություն այցի ընթացքում փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունենում բուհի ղեկավարության, կրթական ծրագրի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների հետ, իրականացնում են ռեսուրսների դիտարկում։ Այցի արդյունքում փորձագետները կկազմեն զեկույց, որում կմատնանշեն կրթական ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման խորհրդատվություն կմատուցեն։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։