Մայիսի 17-19-ն ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ (Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողության մասնակցության ընդլայնում) ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում են նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Արուսյակ Հարությունյանը և նախագծի անդամ ուսանողները:
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին ծրագրի կառավարման խնդիրները, հստակեցվեցին ծրագրի գործընկերների լիազորություններն ու անելիքները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հրատարակել ձեռնարկ, որտեղ ներկայացված կլինեն ծրագրի գործընկերների կողմից մշակված`որակի ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավելու արդյունավետության բարձրացման մեխանիզմները:
Աշխատաժողովն ամփոփվեց իրազեկող սեմինարով, որին մասնակցում էին գործատուներ, ուսանողներ, կարիերայի կենտրոնների աշխատակիցներ:
ESPAQ-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին Որակի ապահովման գործընթացներում՝ դրանով իսկ խթանելով ուսուցման պրակտիկան: Ծրագիրը հնարավորություն կընձեռնի ուսանողների համապատասխան ներկայացուցիչներին ներգրավվելու ՈԱ գործընթացներում՝ տարբեր մակարդակներում: Այն կխրախուսի ուսանողների մասնակցությունը ՈԱ ձեռնարկների կազմման, ուսումնական ծրագրերի մշակման, մատուցվող ծառայությունների որակի ապահովման գործում: Այս կերպ ծրագիրը կնպաստի ուսանողների ներգրավվածության ամրապնդմանը ՈԱ գործընթացներում և ակադեմիական այլ գործառույթներում, որտեղ ուսանողները կարող են հանդես գալ որպես որոշում կայացնողներ:
Լուսանկարը`ՀՊՏՀ-ի