Սեպտեմբերի 7-9-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում, Ակակի Ծերեթելիի անվան համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված կրթական ծրագրերի գնահատման մեթոդներին: Աշխատաժողովին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից մասնակցում էին ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար, ՈԱԱԿ-ում MathGeAr ծրագրի համակարգող Անուշավան Մակարյանը և հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Անահիտ Ութմազյանը:
Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց MathGeAr ծրագրի իրականացման ընթացքին, առկա ձեռքբերումներին, ինչպես նաև բուն ծրագրի որակի ապահովման գործընթացներին: ՈԱԱԿ-ը պատասխանատվություն է կրում մշակվող նոր կրթական ծրագրերի` հավատարմագրման չափանիշներին համապատասխանության պահանջների մշակման և դրանց պահպանման համար:
Միջազգային աշխատաժողովում «MathGeAr-ի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների ծրագրի գնահատումը» թեմայով զեկույցով հանդես եկավ Ա. Մակարյանը` ներկայացնելով Math-Bridge էլեկտրոնային ուսուցման համակարգի կիրառմանն ուղղված բուհերի տեխնիկական և դասախոսական կազմի վերապատրաստումների արդյունավետության վերլուծությունը:
MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ուսուցման բովանդակությունը և կիրառվող դասավանդման մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և էլեկտրոնային տեխնոլոգիաներ` կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը: