Մայիսի 18-24-ը ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում Լիոն և Քեմնից քաղաքներում տեղի ունեցավ աշխատաժողով`նվիրված բուհերում էլեկտրոնային եղանակով մաթեմատիկայի դասավանդմանը և գիտելիքների գնահատմանը, որին մասնակցեց նաև ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Անուշավան Մակարյանը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ֆրանսիական ու գերմանական մի քանի բուհերի էլեկտրոնային դասավանդման փորձը և կիրառվող հարթակները: Մանրակրկիտ անդրադարձ կատարվեց մաթեմատիկայի, երկրաչափության և հանրահաշվի օն-լայն դասավանդմանը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Math-Bridge-ի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև հարթակը հայերեն և վրացերեն բովանդակությամբ համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Math-Bridge-ը բարձրագույն մաթեմատիկայի դասավանդման առաջին համաեվրոպական միասնական օն-լայն հարթակն է, որտեղ հազարավոր դասընթացների ծրագրեր, ուսումնական նյութեր և միջոցներ հասանելի են յոթ լեզուներով` ընտրության լայն հնարավորություն ստեղծելով դասախոսների և ուսանողներիի համար: MathGeAr ծրագրի շրջանակներում առաջիկայում հարթակը կհամալրվի նաև հայալեզու և վրացալեզու բովանդակությամբ:
MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է: Նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար: