Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային համալսարանում կկայանա «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը:
Կոնֆերանսի ընթացքում կամփոփվեն ծրագրի շրջանակներում իրականացված գործընթացները, կներկայացվի ծրագրի ազդեցությունը ՀՀ բուհական համակարգի վրա: Բուհերի ղեկավար մարմինների ներկայացուցիչների և որակի ապահովման պատասխանատուների հետ կքննարկվեն նաև ՀՀ բուհերում ներքին գնահատման գործընթացների առանձնահատկությունները, մարտահրավերներն ու հեռանկարները, կշեշտադրվեն բուհերի ներկայացուցիչների մոտ փորձագիտական կարողությունների ձևավորման մեխանիզմները և լավագույն փորձի տարածման միջոցները:
Ծրագրի նպատակն էր զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերին ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Շահակից բուհերն են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հյուսիսային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը: Կոնֆերանսին հրավիրված են նաև ՀՀ մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները վերոնշյալ 4 բուհերի փորձառությանը, ծրագրի արդյունքներին ու հետագա համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:
Ծրագրի նպատակների և առանձնահատկությունների մասին առավել մանրամասն`ՈԱԱԿ պաշտոնական կայքում: