ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագիրն ավարտվել է: Փետրվարի 20-21-ին Թբիլիսիում, ապա 23-24-ին Երևանում տեղի ունեցան ծրագրի շահակիցների ամփոփիչ համաժողովները:
Թե Հայաստանի, թե Վրաստանի «Էրասմուս +» ազգային գրասենյակների ղեկավարները բարձր են գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ այն համարելով հաջողված:
Ծրագրի շրջանակներում շահակից բուհերում բարեփոխվել է մաթեմատիկայի դասընթացի երկուական ծրագիր. վերանայվել է բովանդակությունը, ներդրվել են դասավանդման էլեկտրոնային մեթոդներ, բարձրացվել է ծրագրերի կիրառական ուղղվածությունը: Բուհերը համալրվել են ժամանակակից տեխնիկայով և ծրագրային փաթեթներով` դասավանդման և ուսումնառության արդի մեթոդների կիրառումն ապահովելու համար: Ամփոփիչ համաժողովին բուհերի ներկայացուցիչները, կարևորելով իրականացված փոփոխությունները և առկա արդյունքները, պատրաստակամություն են հայտնել տարածել փորձը և բարեփոխել այլ դասընթացների ծրագրեր ևս:
ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը համաժողովին զեկույց է ունեցել՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր է նախատեսում իրականացնել ՈԱԱԿ-ը ծրագրի ձեռքբերումների պահպանման և արդյունքների հետագա կայուն զարգացման համար: Ըստ այդմ՝ STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մասնագիտությունների կրթական ծրագրերի համար ՈԱԱԿ-ն երաշխավորում է կիրառել Ճարտարագետների կրթության եվրոպական միության (SEFI) կողմից հրապարակված «Մաթեմատիկական ծրագրերի մշակման ուղեցույց ճարտարագիտական կրթության համար» փաստաթուղթը: Կենտրոնը նաև հավատարմագրման գործընթացի և դրան հաջորդող մոնիտորինգների ընթացքում ուշադրության կենտրոնում կպահի ծրագրի հաջողված փորձի տարածման գործընթացը շահակից բուհերում: Իսկ առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի շրջանակներում կշեշտադրվի STEM մասնագիտությունների առաջնահերթությունը:
MathGeAr ծրագրի նպատակն էր Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ուսուցման բովանդակությունը և կիրառվող դասավանդման մեթոդները: