Ակտիվ և պրպտող ուսանո՞ղ ես, ունե՞ս գաղափարներ, թե ինչպես կարելի է մատուցվող կրթությունն ավելի լավը դարձնել կամ գո՞ւցե ուզում ես դառնալ ուսանող-փորձագետ և քո ներդրումն ունենալ քո և հասակակիցներիդ կրթության որակի ապահովման գործում, ուրեմն այս դասընթացը հենց քեզ համար է։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագիծը փետրվարին դասընթաց կիրականացնի բուհերի և քոլեջների ուսանողների համար։ Դասընթացի շրջանակներում մասնակիցները կսովորեն, թե ինչ է կրթության որակը և կրթության որակի ապահովումը, որն է հավատարմագրման դերը որակի ապահովման գործընթացներում, որոնք են հավատարմագրման չափանիշները, ինչպես է տեղի ունենում ողջ գործընթացը և ինչ առանձնահատկություններ ունի փորձագետի աշխատանքը։ Մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու ՈԱԱԿ առաջատար մասնագետների, հավատարմագրման գործընթացների մասնակցած ուսանող-փորձագետների հետ և ծանոթանալու նրանց փորձին։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում և հնարավորություն կստանան մասնակցելու մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացներին։
Կարող են դիմել ուսանողներ թե բուհերից, թե քոլեջներից։ Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 7-ն է։
Գրանցման համար անցեք հետևյալ հղմամբ և լրացրեք պահանջվող տվյալները։