Մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությունը կքննարկվի Որակի շաբաթվա շրջանակներում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կազմակերպում է աշխատաժողով՝ նվիրված ALIGN ծրագրի ձեռքբերումներին ու առկա մարտահրավերներին:
Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից կքննարկվի կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտությունը: Կշեշտադրվի հատկապես գնահատման բարելավումն որպես դասավանդման արդյունավետության գործիք:
Միջոցառման մասնակիցներին կներկայացվեն նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը, գործընթացից քաղված դասերը:
Աշխատաժողովի ավարտին տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ կներկայացնեն կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին: