Փորձագետի աշխատանքի առանձնահատկությունների մասին ենք զրուցել ՈԱԱԿ փորձագետ, Ա․ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ուսումնամեթոդական բաժնի որակի ապահովման և վերլուծության բաժանմունքի պետ Գագիկ Քթրյանի հետ։
-Գագիկ, ո՞վ է փորձագետը Ձեր մեկնաբանմամբ:
- Իմ կարծիքով՝ փորձագետը մարդ է, որն ունի որոշակի փորձ, գիտելիքներ, տվյալ պարագայում բարձրագույն կրթության համակարգում կայացած մասնագետ է։
- Մասնագետը, որը Ձեր թվարկած գիտելիքներն ու հմտություններն ունի, ինչո՞ւ պիտի ցանկանա դառնալ փորձագետ, ո՞րն է մոտիվացիան:
-Կարող եմ հարցին հարցով պատասխանել՝ ինչո՞ւ մարդը պետք է անընդհատ ձգտի զարգացման, կատարելագործման։
Փորձագետ դառնալը մասնագիտական աճ է ապահովում․ մասնագիտական որակներն են բարելավվում, նոր մոտեցում ու մտածելակերպ է ձևավորվում։ Փորձագետ դառնալը ինքնազարգացման և ինքնակայացման ճանապարհ է։
Իմ խորհուրդն է բարձրագույն կրթության համակարգի մասնագետներին՝ փորձեք ներգրավվել փորձագետների բազայում, մասնակցեք դասընթացներին, դրանից միայն կշահեք։
-Իսկ դուք ժամանակին ինչպե՞ս եք որոշել փորձագետ դառնալ:
- Ինձ գրավում էր փորձագետի աշխատանքը․ փորձագետների հետ շփվելիս նրանց մոտ նկատում էի բարձրագույն կրթության կազմակերպման և արդյունավետության գնահատման համակարգային մոտեցումը։ Ձգտում էի ինքս էլ ներգրավվել այդ աշխատանքներում, որպեսզի կարողանայի նայել կրթական համակարգին փորձագետի աչքերով:
Իհարկե, մտավախություն ունեի, որովհետև որքան էլ գիտելիքներ ունենաս, միևնույն է, հարց է առաջանում՝ կարո՞ղ ես այդ պատասխանատվությունն ստանձնել։ Փորձագետ լինելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է․պետք է կարողանաս բուհի խորքային խնդիրները վեր հանել և արդյունավետ խորհրդատվություն մատուցել։ Բայց ամեն դժվարություն հաղթահարելի է։
- Ձեզ ի՞նչ է տվել փորձագետի աշխատանքը։
- Գիտեք, շատ բան է տվել․ փորձի փոխանակում, մյուս փորձագետների մտածելակերպի համադրում սեփականի հետ, բուհի գնահատման ամբողջական մոդելի դուրսբերում, գիտելիքների մեծ պաշար, բնականաբար, նոր կարողություններ և հմտություններ, նաև գործընթացներն ամբողջության մեջ դիտարկելու սովորություն։ Վստահաբար կարող եմ ասել, որ փորձագետի աշխատանքն ինձ մոտ նոր մտածելակերպ է ձևավորել։
-Փորձագետ դառնալուց հետո Ձեր հարաբերությունները գործընկերների հետ ինչ-որ կերպ փոխվե՞լ են:
-Չէի ասի, որ փոխվել են։ Միայն մի փոփոխություն կարող եմ մատնանշել․ եթե փորձագետի փորձ ունես, գործընկերներդ կարող են մասնագիտական հարցերով դիմել քեզ։ Այսինքն գործընկերներիդ աչքին էլ արդեն փորձագետ ես դառնում, որին կարելի է դիմել խորհրդատվության համար։
Ասեմ, որ բուհերն էլ այժմ ձգտում են դեպի իրենց գրավել ու պահել փորձագետի աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին, որովհետև նրանք մարդիկ են, որ գիտեն կրթական համակագին ներկայացվող արդիական պահանջները։
-Իսկ Ձեր աշխատանքի վրա ինչպե՞ս է անդրադարձել փորձագետ լինելը։
-Ամենակարևոր ազդեցությունը, թերևս այն է, որ աժմ ցանկացած գործընթաց դիտարկում եմ «պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում» շրջափուլի շրջանակներում։ Որակի մշակույթի ձևավորման հիմքում այս մտածողությունն է։
Եթե փորձագետներս կարողանանք այդ մտածելակերպը մեզ հետ բուհ տանել, մյուսներին փոխանցել, կնպաստենք որակի մշակույթի կայացմանը։
Փորձագետներին ներկայացվող պահանջներին մանրամասն տեղեկանալու և բազայում ընդգրկվելու համար այցելեք կայքի «Փորձագետներ» բաժին