UNESCO «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները հուլիսի 7-ին առցանց հանդիպում էին կազմակերպել ծրագրի մասնակից բուհերի՝ Եվրասիա միջազգային համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի փորձագետների հետ։ Հանդիպման նպատակը փորձագետների հետ քննարկելն էր արտաքին գնահատման արդյունքում խորհրդատվական զեկույցի պատրաստպաման ձևաչափը և առաջիկա աշխատանքները:
Նշենք, որ ծրագրի սկզբում գործընկեր բուհերի կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստումներ են տեղի ունեցել, որին հաջորդել է բուհերի կողմից SWOT վերլուծության իրականացումը։ Այժմ ներքին փորձագետները պետք է խորհրդատվական զեկույց ներկայացնեն իրենց բուհին:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպման ընթացքում կարևորեց այն փաստը, որ ծրագրի միջոցով բուհերի աշխատակիցները հնարավորություն են ունենում դիտարկել իրենց ուսումնական հաստատության գործունեությունը որպես արտաքին գնահատող և նշեց, որ զեկույցը պետք է լինի արժանահավատ և միտված բուհի կարևոր խնդիրների վերհանմանն ու լուծման ուղիների մատնանշմանը։
ՈԱԱԿ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին աջակցել արտաքին փորձագետներին և խորհրդատվություն տրամադրել նրանց զեկույցի կազման չափորոշիչների հետ կապված։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։