Փետրվարի 27-մարտի 2-ը տեղի ունեցավ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) 2017 թ. համաժողովը, որն այս տարի կրում է «Համագործակցության և մրցակցության միջև. բարձրագույն կրթության որակի ապահովման հեռանկարները և մարտահրավերները» խորագիրը: Համաժողովին մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ու արդյունավետ քննարկումներ մաղթել INQAAHE նախագահ, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը: «INQAAHE-ն գոհունակությամբ է հարթակ հատկացնում միջազգային առաջատար մասնագետների այս խրախուսող քննարկմանը, որը կմեկտեղի ողջ աշխարհի փորձը: Համաժողովի նպատակն է վեր հանել ոլորտի վերջին հետազոտությունները, լավագույն փորձը և կարևոր նորույթները՝ աջակցելու որակի ապահովման մասնագետներին իրենց ամենօրյա աշխատանքում»,- ասել է տիկին Կարախանյանը:
INQAAHE-ի համաժողովի շրջանակներում շահակիցների ընդհանուր քննարկումներ են տեղի ունեցել «Որակի ապահովումը որպես մրցակցային առավելություն աշխատաշուկայում տեղացի ու միջազգային ուսանողների համար», «Որքանով ենք մոտ գլոբալ որակի ապահովմանը և որակավորումների շրջանակին», «Որակի ապահովման օրակարգը առաջիկա 25 տարիներին», «Կրթական վերջնարդյունքների և առաջընթացի գնահատումը» թեմաներով:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վարել է «Կրթական վերջնարդյունքների և առաջընթացի գնահատումը» թեմայով քննարկումը: Ոլորտի շահակիցները քննարկել են, թե ինչու է հարկավոր վերջնարդյունքահեն կրթություն, անդրադարձ է կատարվել գնահատման տեսակներին ու արդյունքներին, գնահատման շրջափուլերին, պրակտիկայում կրթական վերջնարդյունքների գնահատմանը և այլն: Պարոն Թոփչյանը նաև զեկույց է ունեցել՝ ներկայացնելով փորձի ուսումնասիրություն: Նա անդրադարձել է բուհ-գործատու համագործակցությանը, խոսել կրթական գործընթացներում գործատուների ներգրավվածության, առկա խնդիրների, մոտեցումների ու ընկալումների տարբերությունների մասին:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև մի շարք երկրների հաջողված փորձը կրթության որակի ապահովման ոլորտում: Այսպես, ներկայացվել է անդրսահմանային որակի ապահովման հոնկոնգյան, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական վերջնարդյունքների գնահատման Աբու Դաբիի փորձը: Էստոնիայի Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության որակի ապահովման գործակալությունը ներկայացրել է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ինտեգրված գնահատման իր փորձը, իսկ Թայվանի բարձրագույն կրթության գնահատման և հավատարմագրման խորհուրդը պատմել է, թե ինչպես է որակի ապահովման ազգային գործակալությունից դարձել միջազգային:
Զեկույցներով անդրադարձ է կատարվել նաև կրթական գործընթացներում ուսանողների, շրջանավարտների և գործատուների ներգրավման խթանմանը և շահակիցների դերերի ուսումնասիրությանը, ուսանողների ներգրավվածությանը որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներում, բուհի կառավարման բարելավմանը արտաքին գնահատման միջոցով և այլն: