Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի տնտեսագիտության ոլորտի մասնագետների հետ։
Քննարկման առանցքում էր այն, թե բուհերում ինչպես են փոփոխվում մասնագիտության կրթական ծրագրերը, ինչով են առաջնորդվում փոփոխություններ կատարելիս, ինչպես են պատրաստվում ծրագրային հավատարմագրմանը։
Հանդիպման ընթացքում շեշտադրվեց, որ ոլորտն ամենամասսայականն է Հայաստանում, գրեթե բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունները տնտեսագիտության ոլորտի կրթական ծրագրեր են իրականացնում, այդ իսկ պատճառով ծրագրային հավատարմագրման նախապատրաստությունների քննարկումները տնտեսագետների հետ են մեկնարկում։ Առաջիկայում նմանատիպ քննարկումներ տեղի կունենան նաև այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։
Բուհերի ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց տեսակետը կլաստերային հավատարմագրման մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ, ներկայացրեցին իրենց ՄԿԾ-ների առանձնահատկությունները։ Քննարկվեցին նաև շնորհվող որակավորումների բնութագրիչները։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել հանդիպումները՝ տնտեսագետի որակավորման բնութագրիչ ընդհանուր ելքային արդյունքներ ձևավորելու համար, ինչը խմբային հավատարմագրման համար անհրաժեշտ նախապայման է։