Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում 5 քոլեջների ներկայացուցիչների հետ, որոնք ընթացիկ տարում հավատարմագրման գործընթաց են անցնելու։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրեցին ՄԿՈՒ հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ-ի հիմնական շեշտադրումները, այն է՝ ՄԿՈՒ հաստատություններին ուղղորդել դեպի տեղական աշխատաշուկայի կարիքների բավարարումը՝ նպաստելով գործատուների հետ համատեղ ռազմավարական կառավարման իրականացմանը; ուսուցանվող ՄԿԾ-ները համահնչեցնել մարզի կարիքներին և տնտեսական հնարավորություններին; կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման համար խրախուսել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ոլորտային գործատուների ռեսուրսային բազաների համագործակցային օգտագործումը՝ նպաստելով հաստատություններում ռեսուրսային ապահովվածության խնդրի լուծմանը և ուսանողների շրջանում գործնական հմտությունների ձևավորմանը։
Քոլեջների ներկայացուցիչներն իրենց կարծիքը ներկայացրեցին ՈԱԱԿ-ի մոտեցումների վերաբերյալ, ծավալվեց քննարկում։
Քանի որ քոլեջներում որակի ապահովման համակարգը համեմատաբար վերջերս է ներդրվել և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն առաջին անգամ են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում, ՈԱԱԿ-ը աշխատում է այդ ուսումնական հաստատությունների հետ՝ նախապատրաստելու նրանց հավատարմագրմանը։
Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետները քոլեջների ներկայացուցիչներին ներկայացրեցին SWOT վերլուծություն կազմելու առանձնահատկությունները։
Քոլեջներն առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներով իրենց ուսումնական հաստատության կարողությունների SWOT վերլուծություն են իրականացնելու։ Այնուհետև առցանց մշտադիտարկումներ կիրականացվեն այդ ուսումնական հաստատություններում՝ վեր հանելու խնդիրները և շեշտադրելու բարելավման հիմնական ուղղությունները։ Դրանից հետո միայն այդ քոլեջներն ինքնավերլուծություն կիրականացնեն և կներկայացնեն ՈԱԱԿ։
Այս տարվա ընթացքում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացներ կիրականացվեն Կոտայքի տարածաշրջանային պետական, Արարատի պետական, Երևանի ինֆորմատիկայի պետական, Լոռու տարածաշրջանային պետական և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներում։
Նշենք, որ պետական քոլեջների հավատարմագրումն իրականացվելու է պետբյուջեից ֆինանսավորմամբ։ Քոլեջների համար հավատարմագրման վերջնաժամկետ է սահմանված 2023 թվականը։