Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում բժշկական կրթություն մատուցող բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ։
Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին, թե բժշկական բուհերն ինչ փոփոխություններ են իրականացրել կրթական գործընթացում՝ ստեղծված իրավիճակում ևս ապահովելու սահմանված վերջնարդյունքները, որքանով են պատրաստ հնարավոր զարգացումներին, գործողությունների ինչ այլընտրանքային ծրագրեր են մշակել և ինչպիսին է բուհի որակի ապահովման կառույցի դերն այդ ծրագրերում։
Բուհերի ներկայացուցիչները նշեցին, որ բժշկական կրթությունում գործնական, պրակտիկ դասավանդումը չափազանց կարևոր է, մինչդեռ առցանց կրթության պայմաններում գործնական ուսուցումը խնդրահարույց է։ Միևնույն ժամանակ, նրանք շեշտեցին, որ համավարակով պարտադրված առցանց կրթության շնորհիվ ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնք կկիրառվեն նաև լսարանային կրթության վերադառնալուց հետո։ Նշվեց, որ առցանց կրթության պայմաններում սահմանված վերջնարդյունքներն ապահովելու նպատակով ներդրվել է վիրտուալ պացիենտի գաղափարը, վերանայվել են քննական հարցերը՝ շեշտադրելով տրամաբանական մտածողությունը, որակավորման քննությունների գործնական բաղադրիչը փոխարինվել է բազմագործոն պատասխան ենթադրող խնդրով և այլն։
Քննարկվեցին նաև խնդիրները, որոնք հուզում են բուհերին։ Օրինակ՝ հնարավո՞ր է արդյոք տեղափոխել կրեդիտները, եթե որոշ վերջնարդյունքների ապահովումը ներկա պայմաններում հնարավոր չէ և ստիպված են տեղափոխել հաջորդ տարի։