Ի՞նչ խնդիրներ են դուրս բերել ուսանողներն առցանց կրթության ժամանակահատվածում և ինչպիսի՞ն են տեսնում այդ խնդիրների լուծումը․ այս հարցերն էին քննարկվում երեկ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և «Ուսանողության ձայն» նախագծի անդամների հանդիպմանը։
Հանդիպման մասնակիցների թվում ուսանողներ էին թե երևանյան, թե մարզային բուհերից։
Քննարկման ժամանակ ուսանողները ներկայացրեցին իրենց անձնական դիտարկումներն ու հետազոտությունները, նշեցին առցանց կրթության ուժեղ կողմերը, որոնք ցանկալի կլինի պահպանել և կիրառել նաև լսարանային կրթության վերադառնալուց հետո, այնուհետև ներկայացրեցին թույլ կողմերը, առաջացած խնդիրները և դրանց լուծման իրենց տեսլականը։
Պարոն Թոփչյանը կարևորեց, որ ուսանողները մասնակից լինեն դասավանդման և վերջնարդյունքների ապահովման այլընտրանքային ձևերի փնտրտուքի գործընթացին։ Երբ բուհում ուսանողի ձայնը լսելի է, դա դեռ բավարար չէ բարձրաձայնված խնդիրներին արդյունավետ լուծում գտնելու համար։ Ցանկալի է, որ ուսանողները նաև կոնկրետ լուծումներ առաջարկեն՝ ելնելով իրենց փորձից։
ՈԱԱԿ-ն առաջիկայում կշարունակի նմանատիպ հանդիպումներն ուսանողների հետ։