Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացնում 5 քոլեջներում, որոնք առաջիկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում կանցնեն։
Առաջինը մշտադիտարկում իրականացվեց Արարատի պետական քոլեջում։ Մշտադիտարկման ընթացքում առցանց հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար և դասախոսական կազմի, ուսանողների, գործատուների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի և SWOT վերլուծություն իրականացրած խմբի հետ։
Քոլեջների համար ինստիտուցիոնալ հավատարմագրումը նորություն է, ուստի ՈԱԱԿ-ը մինչև բուն հավատարմագրումը սերտորեն աշխատում է քոլեջների հետ՝ նախապատրաստելու նրանց հավատարմագրմանը։
Նախապատրաստական աշխատանքների ներկա փուլում ՈԱԱԿ-ը յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակցի է վերապատրաստել որպես փորձագետի։ Այժմ նրանք ՈԱԱԿ մասնագետների հետ մասնակցում են իրենց ուսումնական հաստատության մշտադիտարկմանը՝ հնարավորություն ստանալով արտաքին գնահատում իրականացնել, իսկ հետագայում իրենց գործընկերների հետ մասնակցել արտաքին գնահատմամբ դուրս բերված խնդիրների շտկմանը։
Ավելի վաղ քոլեջները SWOT վերլուծություն են իրականացրել ըստ հավատարմագրման չափանիշների տիրույթների։ Եվ մշտադիտարկման հիմքում այդ վերլուծությունն է։
Գործընթացի նպատակն է նախապատրաստել քոլեջներին խորքային և ամբողջական ինքնավերլուծության իրականացմանը։
Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում փորձագետները հատկապես մանրակրկտորեն են դիտարկում հավատարմագրման առաջին և երկրորդ չափանիշները, այն է՝ առաքելություն և նպատակ, կառավարում և վարչարարություն, քանի որ այս երկու տիրույթների գործընթացների արդյունավետությունից է կախված մնացած բոլոր տիրույթների արդյունավետությունը։
Քոլեջների համար պարզաբանվում է նաև 6-րդ՝ հետազոտություն և զարգացում չափանիշը։ Փորձագետները շեշտում են, որ այս չափանիշը քոլեջներից գիտական արդյունք չի պահանջում, այլ իրենց գործունեության տիրույթներին առնչվող հետազոտություններ, որոնք նպաստելու են ՄՈՒՀ-ի զարգացմանը։
Առաջիկայում ՈԱԱԿ-ը մշտադիտարկում կիրականացնի նաև Երևանի ինֆորմատիկայի պետական, Լոռու տարածաշրջանային պետական, Շիրակի տարածաշրջանային պետական և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջներում։