Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փորձարկում է բուհ-գործատու երկխոսության նոր մոդել։ Փորձի շրջանակներում այսօր հանդիպում տեղի ունեցավ ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի գործատուների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը, ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը և Գայանե Անանյանը։
Գործատուների հետ հանդիպումների նպատակն է քննարկումների, հարցուպատասխանի միջոցով դուրս բերել կարողություններն ու հմտությունները, որոնք նրանք ակնկալում են բուհի շրջանավարտներից, այնուհետև այդ պահանջների մասին տեղեկացնել դասախոսներին, ինչը կնպաստի բուհում դասավանդման և գնահատման մեթոդաբանության բարելավմանը։ Երկխոսության նոր մոդելը ենթադրում է ամբիոնների վարիչների կամ ոլորտի մասնագետների մասնակցությամբ միջնորդավորված շփում գործատուի և դասախոսի միջև, ինչը հնարավորություն կտա կենտրոնանալ հենց գործատուի պահանջների վրա։
«Գաուդեամուս» թարգմանչական կենտրոնի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ամփոփելով իրենց կարիքները և նորավարտ մասնագետների հետ աշխատանքի փորձը՝ նշեցին, որ կարևոր է ունենալ ինչպես նեղ՝ ոլորտային բառապաշար (բժշկության, իրավաբանության, ֆինանսական, տեխնիկական և այլ ոլորտներից), այնպես էլ այդ ոլորտների բազային իմացություն։ Գործատուները կարևորեցին վերլուծելու, արագ կողմնորոշվելու ունակությունը, հետազոտական, ինչպես նաև տարբեր ոլորտի մասնագետների հետ համագործակցություն ստեղծելու կարողությունը։ Կարևորվեց նաև, որ ուսանողները համալսարանում կրթություն ստանալու տարիներին հնարավորինս շատ պրակտիկ թարգմանություններ իրականացնեն, սովորեն բանավիճել և հնարավորություն ունենան դասախոսություն լսել ուսումնասիրվող օտար լեզվի լեզվակիրներից։
Թարգմանչության ոլորտի գործատուների հետ հանդիպումները շարունակական են լինելու։ Իսկ դուրս բերված առաջարկները վերլուծելուց հետո կներկայացվեն դասախոսներին, ինչը նրանց հնարավորություն կտա վերանայել դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը՝ հիմքում ունենալով գործատուների կարիքները։ Փորձարկման արդյունքում կուտակված լավագույն փորձը կտարածվի՝ ներկայացվելով ՈԱԱԿ ամենամյա համաժողովներում, կրթության որակի ապահովմանը նվիրված տեղական և միջազգային միջոցառումներում։
Նշենք, որ թարգմանչության ոլորտում իրականացվող փորձարկումը ՏՏ, իրավաբանության և մանկավարժության ոլորտներում բուհ-գործատու երկխոսության ձևավորման հաջողված փորձի շարունակությունն է։ Երեք ոլորտներում բուհ-գործատու երկխոսության խթանումն իրականացվել է ՏԵՄՊՈՒՍ-ի ARARAT ծրագրի շրջանակներում, ինչի արդյունքում նաև սահմանվել են այդ ոլորտների որակավորումների շրջանակները։