Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը։ Մասնակիցներն ուսանողներ են մի շարք բուհերից և քոլեջներից։
Դասընթացի մասնակիցները առաջիկա ամսվա ընթացքում կծանոթանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, կուսումնասիրեն «Հավատարմագրման կարգը», կծանոթանան հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, որակի ներքին և արտաքին ապահովման սկզբունքներին, ինչպես նաև ուսանող-փորձագետի աշխատանքի առանձնահատկություններին։
Ուսանողները կուսումնասիրեն նաև արդեն հավատարմագրված բուհերի ինքնավերլուծությունները, փորձագիտական զեկույցները և թերությունների վերացման ծրագրերը՝ գործնական օրինակներով ծանոթանալով որակի ապահովման գործընթացներին։
Նրանց հետ իրենց փորձով և գիտելիքներով կկիսվեն ՈԱԱԿ մասնագետները և հավատարմագրման գործընթացներին մասնակցած ուսանող-փորձագետները։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով մասնակցել բուհերի հավատարմագրման գործընթացներին։ Դասընթացի արդյունքում կբարձրանա նաև մասնակից ուսանողների՝ կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նրանք կկարողանան մասնակից դառնալ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և որակի մշակույթի տարածմանը։