Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ մեկնարկել է «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագիրը։ Այն իրականացվում է UNESCO-ի ֆինանսավորմամբ։
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ծրագրի շահակիցների առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին նպատակները և ակնկալվող վերջնարդյունքները, ծրագրի իրականացման փուլերը և ակնկալիքները յուրաքանչյուր շահակցից։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Ծրագրի արդյունքում շահակից բուհերում կբարելավվեն ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի որակի շարունակական բարելավման մշակույթը։
Ծրագրի ընթացքում շահակիցների համար իրականացվելու են վերապատրաստումներ։ Այնուհետև ուսումնական հաստատությունները կիրականացնեն SWOT վերլուծություն, որում հատկապես կհիմնավորեն, որ իրենց կողմից շնորհվող որակավորումներն արժանահավատ են, իրականացվում է արդյունքահեն կառավարում, հավատարմագրման չափանիշների տիրույթներում գործունեության արդյունքում ապահովվում է ուսումնական հաստատության կայունությունը, բարելավումը և զարգացումը, ինստիտուցիոնալ կառավարման համակարգը վստահություն ունի որակի ապահովման գործընթացների նկատմամբ և այլն։
Կհաջորդի նախնական գնահատումը և փորձագիտական այցը, որի ընթացքում կդիտարկվի նաև առնվազն մեկ ՄԿԾ։ Այցից հետո փորձագետները խորհրդատվական զեկույց կներկայացնեն։
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ փորձագիտական խմբում որպես արտաքին գնահատողներ ընդգրկված են լինելու մասնագետներ հենց գնահատվող բուհից։ Այսպիսով բուհում կձևավորվի մասնագետների որոշակի շրջանակ, որոնք իրենց ուսումնական հաստատության գործունեությունը և խնդիրները տեսել են որպես արտաքին գնահատող, և որպես այդպիսին ակտիվ մասնակցություն կունենան բարելավման հետագա գործընթացներում։
Ծրագրի շահակիցները շեշտեցին, որ գործընթացը հատկապես կարևոր է հավատարմագրման շեմին գտնվող բուհերի համար․նախապատրաստական միջոցառումների արդյունքում կձևավորվի ինքնավերլուծություն իրականացնող արդեն փորձված խումբ, բուհն էլ կկարողանա բուն ինքնավերլուծությունն իրականացնել SWOT վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով արտաքին գնահատողներից ստացած խորհրդատվությունը։ Հաշվի առնելով ակլնալվող արդյունքները՝ նշվեց, որ հետագայում նախապատրաստական գործընթացները կարող են պահանջված դառնալ ողջ բուհական համակարգի կողմից։
Ծրագրի շահակից բուհերն են Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հյուսիսային համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը։